Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարի է, այն Որմիզդն է ստեղծել, իսկ ինչ որ բարի չէ, այն Արհմնն է ստեղծել, ինչպես որ մարդուն Որմիզդն է ստեղծել, իսկ ախտերը, հիվանդություններն ու մահը Արհմնն է ստեղծել։ Եվ բոլոր թշվառություններն ու փորձանքները, որ լինում են, և դառն պատերազմները չարի մասի արարածներն են. իսկ հաջողություններն ու իշխանությունը և փառքն ու պատիվները, և մարմնի առողջությունը, դեմքի գեղեցկությունը և ճարտարախոսությունն ու երկարակեցությունը,— սրանք բարիից են [իրենց] գոյությունն առնում, իսկ այն ամենը, որ այդպես չէ, նրա մեջ չարի գործ է խառնված։ «Եվ մոլորված են այն բոլոր մարդիկ, որ ասում են, թե «Մահն աստված է ստեղծել, և չարն ու բարին նրանից են լինում»։ Մանավանդ, ինչպես քրիստոնյաներն են ասում, թե «Աստված նախանձոտ է. ծառից մի թուզ ուտելու համար աստված մահ ստեղծեց, և մարդուն այդ պատժին ենթարկեց»[1]: Այդպիսի նախանձ մարդն էլ չունի մարդու նկատմամբ, ո՛ւր մնաց թե աստված [ունենա] մարդկանց նկատմամբ. որովհետև ով ասում է այս բանը, նա խուլ է և կույր, և Հարամանիի դևերից խաբված։

Մի ուրիշ մոլորություն էլ. ասում են՝ «Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, եկավ և ծնվեց մի կնոջից, որի անունն էր Մարիամ և նրա մարդու [անունը] Հովսեփ»[2]. իսկ ճշմարտությունն այն է, որ նա Բանթուրակ անունով մեկի որդին է եղել, անկարդ խառնակությունից [ծնված]։ Եվ այդպիսի մարդու հետևից են մոլորված շատերը։

«Եթե Հոռոմների աշխարհը մեծ հիմարության պատճառով տգիտաբար մոլորվել է և ղրկվել մեր կատարյալ հավատից, իրենց անձերին են պատճառում իրենց վնասը. էլ դուք ինչո՞ւ եք նրանց մոլորության հետևից գնալով խելացնորվում։ Այլ՝ ինչ կրոն որ ձեր տերն ունի, դուք էլ նույնն ունեցեք, մանավանդ որ աստծու առաջ էլ ձեզ համար հաշիվ պետք է տանք։

  1. Հմմտ. Ել. Ի. 5, Բ. Օրենք Ե. 9, Ել. ԼԴ 14 և այլն: Տե՛ս նաև Ծննդ. Բ 16—17 և Գ 19:
  2. Հմմտ. Գաղատ. Դ. 4: