Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մի հավատաք ձեր առաջնորդներին, որոնց նածրացի եք անվանում, որովհետև սաստիկ խաբեբաներ են, ինչ որ խոսքերով ուսուցանում են, գործով հանձն չեն առնում։ Ասում են՝ «Միս ուտելը մեղք չէ», և իրենք չեն ուզում ուտել. «Կին առնել պետք է», բայց իրենք նրա վրա նայել էլ չեն ուզում. «Հարստություն ժողովելը, ասում են, շատ մեղք է», բայց աղքատությունը չափից ավելի են գովում։ Հարգում են թշվառությունը և պարսավում հաջողությունը. ծաղրում են բախտի անունը և խիստ պախարակում են փառավորությունը. սիրում են անշուք հագուստը և անարգ բաներն ավելի են հարգում, քան պատվականները. մահը գովաբանում են և կյանքը պարսավում, մարդու ծնունդն անարգում են և գովում են անզավակությունը։ Եվ եթե մարդ դրանց լսի և կանանց կմերձենա, շուտով կհասնի աշխարհի վերջը:

«Սակայն ես չկամեցա ամեն բան մանրամասն գրել ձեզ, որովհետև ուրիշ շատ բաներ էլ կան, որ խոսում են դրանք։ Այս բոլոր գրածներիցս ավելի վատթարագույնն այն է, որ քարոզում են, թե աստված մարդկանց ձեռքով խաչ բարձրացվեց, նույնը մեռավ և թաղվեց, և ապա հարություն առավ ու երկինք վերացավ։ Չէ՞ որ դուք ինքներդ պետք է դատաստան անեիք այդպիսի անարժան ուսմունքների համար։ Դևերը, որ չար են, չեն բռնվում ու տանջվում մարդկանց կողմից, ո՛ւր մնաց աստված, բոլոր արարածների արարիչը. այսպիսի բաներ ասելը ձեզ համար ամոթ է, իսկ մեզ համար՝ խիստ անհավատալի։

«Արդ, երկու բան կա ձեր առաջ. կա՛մ կետ առ կետ պատասխան տվեք այս նամակին և կա՛մ վեր կացեք Գուռն եկեք և ներկայացեք Մեծ ատյանին»։


ԱՅՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ,

ՈՐՈՆՔ ԺՈՂՈՎՎԵՑԻՆ ԱՅՐԱՐԱՏՅԱՆ ԳԱՎԱՌԸ ԵՎ

ՆԱՄԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԻՆ

Հովսեփ՝ Այրարատի եպիսկոպոս.
Սաճակ՝ Տարոնի եպիսկոպոս.
Մեդետ՝ Մանազկերտի եպիսկոպոս.