Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մեր աշխարհն ուղարկած քո նամակի վերաբերմամբ [պատասխանում ենք], առաջ ժամանակները մոգպետներից մեկը, որ ձեր հավատի մեջ ամենից կատարյալն էր, և դուք նրան մարդկային բնությունից վեր մի բան էիք համարում, հավատաց երկնքի ու երկրի արարիչ կենդանի աստծուն, և կետ առ կետ հերքեց ու հասկացրեց ձեզ ձեր կրոնը։ Եվ երբ չկարողացան խոսքով նրա դեմն առնել, քարկոծելով մեռավ Որմիզդ արքայից: Եվ եթե ճիշտ կհամարես լսել մեր ասածը, այդտեղ ձեր աշխարհի շատ վայրերում կա նրա դիրքը, կարդա և այնտեղից կտեղեկանաս։

«Ինչ վերաբերում է մեր կրոնին, ամենևին աներևույթ չէ այն և ոչ էլ աշխարհի որևէ մի անկյունում է քարոզվում, այլ համատարած ամբողջ աշխարհում, ծովի և ցամաքի ու կղզիների վրա, ո՛չ միայն արևմուտքում, այլև արևելքում, այլև հյուսիսում ու հարավում և մեջերքում լի է հոծությամբ։ Ո՛չ թե մարդու է ապաստանած, որ վերակացուի միջոցով տարածվի աշխարհում, այլ իր հաստատությունն իր մեջ ունի։ Ո՛չ թե ուրիշ վատթարների մոտ է վեհ երևում, այլ վերևից երկնքից ունի իր անսուտ օրենսդրությունը, ո՛չ միջնորդի ձեռքով, որովհետև մեկ է աստված և բացի նրանից ուրիշը չկա, ո՛չ ավելի մեծ և ո՛չ էլ ավելի փոքր։

«Ո՛չ թե որևէ մեկից է աստված սկիզբն առել, այլ ինքնըստինքյան մշտնջենավոր է. ո՛չ թե մի որևէ տեղ է, այլ ինքը տեղ է իրեն համար, և ո՛չ թե գտնվում է որևէ ժամանակի մեջ, այլ ժամանակները նրանից են գոյացել, և ո՛չ միայն ավելի հին է, քան երկինքը, այլև քան կարող են մտածել ու կարծել մարդիկ ու հրեշտակները։ Տարբեղեն կերպարանք չի ընդունում և աչքի տեսողության չի ենթարկվում. և ո՛չ միայն ձեռքով չի կարելի զննել, այլև ոչ ոքի մտքի տակ անգամ չի ընկնում, ո՛չ միայն մարմնավորներիս, այլև անմարմին հրեշտակների, բայց եթե ինքը կամենում է, ճանաչվում է իր արժանավոր [հավատացյալներին] մտքով, բայց աչքերին չի երևում, և այն էլ՝ ոչ թե երկրավորներիս մտքով [է ճանաչվում], այլ նրանց, ովքեր ճշմարտությամբ հավատացել են աստծուն։