Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Եվ նրա անունն է երկնքի ու երկրի արարիչ. իսկ երկնքից ու երկրից առաջ, որպես ինքնագո՝ ինքնանուն է։ Ինքն անժամանակ է, իսկ արարածներիս երբ կամեցավ՝ լինելու սկիզբ դրեց ո՛չ թե ընչից, այլ ոչնչից. որովհետև ինչը միայն նա է, և մնացած ամեն բան նրանից ընչացավ։ Ո՛չ թե իբր հետո իմացավ և ստեղծեց, այլ դեռևս չստեղծած իր կանխագիտությամբ տեսնում էր արարածներին. ինչպես և այժմ նախքան մարդու բարի կամ չար բան գործելը՝ աստծուն հայտնի են մարդկանց գործերը։ Այսպես էլ այն ժամանակ, երբ դեռ չէր ստեղծել, ոչ թե խառնիխուռն էր ճանաչում դեռ չստեղծվածներին, այլ յուրաքանչյուր մասերի տեսակները նրա առաջ կային կարգավորված և հարմարեցված. իսկ մարդկանց և հրեշտակների [վերաբերմամբ]՝ թե՛ տեսակները և թե՛ այն ամենը, ինչ որ լինելու էին տեսակի մեջ։

«Եվ որովհետև ստեղծող զորություն է, մեր չարությունը չէր կարող արգելք լինել նրա բարերարությանը. ինչպես որ հենց եղավ էլ, և դատավոր ունենք արարիչ աջը։ Այն ձեռքը, որ երկինքն ու երկիրը հաստատեց, նույնը և քարեղեն տախտակների վրա փորագրեց և դպրություն տվեց մեզ, որը պարունակում է խաղաղական և փրկարար օրենքներ, որպեսզի ճանաչենք երևելի և աներևույթ [արարածների] արարիչ մի աստծուն. ո՛չ այլ և այլ, իբր թե մեկը բարի և մյուսը՝ չար, այլ միևնույնը համակ բարի։

«Բայց եթե քեզ թվա, թե աստծու ստեղծածների մեջ չար բան կա, ասա՛ համարձակ, որպեսզի թերևս ճշմարիտ բարին սովորես։ Ասացիր, թե դևերը չար են. կան և բարի դևեր, որոնց թե՛ դուք և թե՛ մենք հրեշտակ ենք անվանում. եթե կամենան՝ դևերն էլ բարի կլինեն, և եթե կամենան՝ հրեշտակներն էլ չար կլինեն։ Այս բանը մարդկանց մեջ էլ է լինում, և ավելի միևնույն հոր որդիների մեջ. կա, որ հնազանդ ու հպատակ է հորը, և կա՛, որ սատանայից էլ ավելի վատ է։ Նույնիսկ ինքը մարդն էլ առանձին՝ երկուսի բաժանված է երևում, երբեմն չար և երբեմն բարի, նա, որ բարի էր, նույնը չարացավ, պատահեց, որ կրկին դեպի բարին շրջվեց, բայց բնությունը մեկ է։