Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իսկ այն, որ ասում ես, թե մեկ թուզի համար աստված մահ ստեղծեց, մի կտոր մագաղաթը ավելի աննշան բան է, քան թուզը, բայց եթե թագավորի խոսքը գրվում է նրա վրա, ով այն պատռում է, մահվան պատիժ է ստանում: Արդ, կարելի՞ է չար ասել թագավորի մասին. ամենևի՛ն, ես չեմ ասում, այլ որպես խրատ գործածելով՝ ուրիշներին սովորեցնում եմ։ Աստված այն ժամանակ նախանձոտ կլիներ, եթե պատվիրած չլիներ այն ծառից չուտել. իսկ եթե առաջուց զգուշացրեց, իր բնական սերն ու գութը ցույց տվեց նրա վերաբերմամբ։ Իսկ մարդն արհամարհելով [այն]՝ մահվան պատիժ ընդունեց։

«Բայց այն, որ ասացիր, թե աստված կնոջից ծնվեց, դրանից քեզ վայել չէր խորշել և փախչել, որովհետև ահավասիկ Արհմնը և Որմիզդը հորից են ծնվել և ոչ թե մորից, որի մասին եթե լավ մտածես, դու էլ չես ընդունի։ Եվ մի այլ դրանից էլ ավելի ծաղրելի բան, Միհր աստվածը կնոջից է ծնվում, եթե [ներելի է, որ] մեկն իր ծնողի հետ պառկի։

«Բայց եթե մի քիչ քեզնից հեռացնեիր իշխանական գոռոզությունդ, և գայիր ընկերաբար պայքարելու, գիտեմ, որ ինչպես ուրիշ ամեն բանով շատ իմաստուն ես, մեր տիրոջ սուրբ կույսից ծնվելն էլ ավելորդաբանություն չէիր համարի, այլ աշխարհս ոչնչից ստեղծելուց ավելի մեծագույնը կհամարեիր վերջին փրկությունը, հանցավորությունը կվերագրեիր մարդու ազատությանը, իսկ ծառայությունից ազատվելը՝ աստծու բարերարությանը։

«Որովհետև երբ լսում ես, թե աստված այս ամբողջ աշխարհը ոչնչից ստեղծեց, այնպես պետք է հասկանաս, որ արարածները նրա խոսքով ծնվեցին։ Իսկ աստված, որ այս մեծ մարմինն առանց չարչարանքի ծնեց, իհարկե, իբրև հայր գութ ունի սրա վրա։ Որովհետև քանի որ ինքն անապական է, արարածներին էլ առանց ապականության ծնեց. իսկ սա իր կամքով գլորվելով ապականվեց, և ինքն իրեն այլևս չէր կարող ոտքերի վրա հաստատուն կանգնել։ Որովհետև հողից էր [ստեղծված], ինքն իրեն վնասելով՝ նորից նույն բնությանը դարձավ, և քանի որ ո՛չ թե ուրիշ որևէ շար զորու-