Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունից ընդունեց պատիժն ու պատուհասը, այլ իր անհոգությունից, որ չլսեց բարերար պատվիրանը, նրա ծառայական մասը պատժվեց մահով, որ կրեց իր անձի մեջ:

«Արդ՝ եթե մահը չար աստվածն ստեղծեց, մեջտեղը մահվան ի՞նչ գոյացություն է երևում. ոչինչ։ — Բայց բարի աստծու արարածներին փչացրեց։ — Եթե այդ այդպես է՝ նրան չի կարելի բարի էլ ասել, այլ կիսագործ ապականացու։ Եվ ո՛ր աստծու արարածները ապականվող են և փչացող, նրան չի կարեյի անեղծ աստված ասել. թողե՛ր, ուրեմն, այդ հիմար բարբաջանքները:

«Մի աշխարհը երկու իշխող չի ունենա, ոչ էլ մի արարածը՝ երկու աստված: Եթե մի աշխարհին հանդգնեն իշխել երկու թագավորներ, աշխարհը կփչանա, և թագավորությունները կոչնչանան։

«Այս աշխարհը նյութեղեն է, և նյութերը ջոկ-ջոկ են և միմյանց հակառակ։ Այս հակառակորդների արարիչը մեկ է, որ համաձայնեցնելով սրանք՝ սիրել է տալիս միմյանց. ինչպես որ [ստեղծողը] կրակի ջերմությունը ճզմելով՝ մեղմացնում է օդի հովությամբ, և օդի կարծր բրտությունը՝ կրակի ուժով, այնպես էլ մանրամաղ փոշիացած հողը զանգում է ջրի խոնավությամբ, իսկ ջրի վայր թափվող բնությունը սալահատակի նման ամրացնում է հողի խառնուրդով։

«Որովհետև եթե այս տարրերը միաբանվեին, գուցե կարճամիտներից մեկը անապական աստված էլ կարծեր սրանց, և արարչին թողնելով այս արարածներին երկրպագություն մատուցաներ. այդ պատճառով էլ ով որ սրան ստեղծեց, առաջուց զգուշացավ, որպեսզի մարդիկ տեսնելով այս ապականացու տարրերի ակներևությունը, միմիայն սրա կառավարողին ճանաչեն անապական, մեկին և ո՛չ երկուսին, նույն արարչին այս չորս տեսակ նյութերի, որոնցից առաջանում են բոլոր բաները իրենց ստեղծողի հրամանով։

Եվ շրջափոխվելով՝ չորս եղանակով կատարում են իրենց տարևոր սպասավորությունը. և չորսն էլ նայում են իրենց ստեղծողի կամքին ու ակնարկությանը, և առանց գիտակ—