Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հրեշտակներից մեկն անմահների գնդից՝ ապստամբվելով և հեռանալով երկնքից և գալով մեր աշխարհը՝ խաբեական խոսքերով ու սուտ խոստումով անիրագործելի հույս տվեց անփորձ ու անկիրթ նոր եղած մարդուն, ինչպես մի մանուկ տղայի, ըմբոստացնելով նրա միտքը, որ ուտի այն ծառի պտղից, որին հրամայել էր չմոտենալ,— որպեսզի աստված դառնա։ Իսկ նա Աստծու պատվիրանը մոռանալով՝ խաբվեց-գնաց մոլար խաբեության հետևից, կորցրեց իր ունեցած անմահ փառքը և չհասավ երազով հուսացած փառքին։ Ուստի և մերժվելով կյանքի վայրից՝ գցվեց այս ապականելի աշխարհը, որի մեջ դուք Էլ բնակված եք այժմ, և ցնորված մոլորվում եք միևնույն խրատտուի հետևից, այլևս չուտելով պատվիրած ծառից, այլ արարածներին աստված անվանելով, և անխոս տարրերին երկրպագելով, և անորովայն դևերին կերակուր մատուցանելով և բոլորի արարչից հեռացած լինելով։

«Չար խրատտուն չի կշտանում, այլ կամենում է, որ իրենից է՛լ ավելի վատթարները կատարի։ Որովհետև դևերը ոչ թե բռնությամբ են մարդուն դեպի կորուստ տանում, այլ մեղքը քաղցրացնում են մարդու քմքի համար և հորդորելով որսում են անուսումներին ու խաբում, ինչպես որ շատ մարդիկ իրենց ընկերներին գողության և ավազակության են հորդորում. ո՛չ թե որևէ բռնությամբ մղելով, այլ ստապատիր խաբեությամբ շատ չարիքներ են գործել տալիս, ոմանց կախարդություն, ոմանց պոռնկություն և ոմանց էլ շատ ուրիշ անթիվ աղտեղի բաներ։ Եվ արդար դատավորների միջոցով մահու չափ վրեժ են առնում. ո՛չ իբր թե բարի աստծու դատավորները բարեգործ են լինում, իսկ չարինը՝ չարագործ, որովհետև շատ է պատահում, որ բարի մարդկանցից չարություն է բխում, և հետո այն չարագույններից էլ կատարյալ բարություն։

«Եվ ճշմարիտ դատավորները, որոնք դատում են չարագործներին, ոչ թե չար ու չարչարոզ են կոչվում, այլ շատ բարի և բարեգործ. և բնությունը մեկ է և ոչ թե երկու, իսկ այն մեկից երևան են գալիս երկու, տեսակ գործեր. ոմանց