Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համար մահաբեր, իսկ ուրիշների համար պարգևատու։ Եվ եթե մարդկանց մեջ այսպես է կիրառվում, որ [դատավորը] թագավորից ստացած իրավունքի համաձայն պատժի միջոցով կառավարում է իր իշխանությունը, որչա՞փ ավելի կլինի աստծու խնամքը ամբողջ աշխարհի համար, որ բոլորին էլ կյանք է կամենում և ոչ թե մահ։ Եվ ահա, ուր բազմացավ հանցանքը, բոլորին էլ մահով պատմեց, իսկ ուր հնազանդություն և լսողություն եղավ, անմահության պարգևներ շնորհեց։

«Ճշմարիտ աստվածը, մեր բոլորիս արարիչը նա է, որին դու անսանձ արձակ բերանով անահ, աներկյուղ, համարձակ հայհոյում ես։ Թողած Հիսուս Քրիստու փրկական անունը, Փանդուրակի որդի ես անվանում և կարծում ես, թե մոլորեցուցիչ մարդ է. այլև երկնավոր փրկությունն աղավաղում- անարգում ես՝ անձիդ և այս ամբողջ աշխարհի կորստյան համար։ Այդ տանջանքների անանցական վրեժը պիտի փոխհատուցես սպառնացված Գեհենին անշեջ կրակի մեջ՝ քո բոլոր գործակիցներով մեկտեղ, առաջիններով, միջիններով և վերջիններով։

«Իսկ մենք այսպես ենք ճանաչում աստծուն և այս բանին հավատում ենք աներկբա։

«Աստված, որ ստեղծեց այս աշխարհը, նույնը եկավ և ծնվեց սուրբ կույս Մարիամից, ինչպես առաջուց գուշակել էին մարգարեները, առանց մարմնավոր կարգի որևէ պատճառի։ Ինչպես որ ոչնչից ստեղծեց այս մեծամարմին աշխարհը, այնպես Էլ առանց որևէ մարմնական միջնորդի իր մարմինն առավ անարատ կույսից ճշմարտապես, և ոչ իբրև ստվեր երևալով։ Ճշմարտապես աստված էր և ճշմարտապես մարդ դարձավ. ո՛չ մարդ դառնալիս աստվածությունը կորցրեց, և ո՛չ էլ աստված մնալիս՝ աղավաղեց մարդկությունը, այլ [մնաց] միևնույնը։

«Բայց որովհետև չէինք կարող տեսնել անտեսանելուն և մերձենալ անմերձենալուն, ուստի եկավ մեր մարդկությունն ընդունեց, որպեսզի մենք էլ նրա աստվածություն [ից բաժին] ընդունենք։ Ամենևին անարգանք չհամարեց իր ստեղծած