Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կընքում ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն, որից բացի՝ ուրիշ աստված չկա։

Իսկ եթե այս մեծ վկայությունից հետո ուրիշ բան հարցնես, ահավասիկ պատրաստ ենք՝ մեր ամբողջ մարմինը քո ձեռքը տված. արա՛ շուտով՝ ինչ որ կամենում ես։ Քո կողմից տանջանք, իսկ մեր կողմից հանձնառություն. քո սուրը և մեր պարանոցները։ Մենք ոչնչով ավելի լավ չենք մեր նախնիներից, որոնք այս հավատի համար դրին իրենց գույքն ու ստացվածքը և մարմինները։

Որովհետև եթե անմահ էլ լինեինք և պետք լիներ մեզ մեռնել Քրիստոսի սիրո համար, արժան էր. որովհետև նա էլ անմահ էր, բայց այնչափ սիրեց մեզ, որ մինչև անգամ մահ հանձն առավ, որպեսզի մենք էլ նրա մահով փրկվենք հավիտենական մահից։ Եվ եթե նա իր անմահությունը չխնայեց, մենք, որ [մեր] կամքով մահկանացու եղանք, [մեր] կամքով էլ կմեռնենք նրա սիրո համար, որպեսզի նա էլ հոժարությամբ ընդունի մեզ իր անմահության մեջ. կմեռնենք իբրև մահկանացուներ, որպեսզի նա մեր մահն ընդունի որպես անմահների մահ։

«Իսկ դու այս ամենից հետո մեզ այլևս մի՛ հարցնի. որովհետև մեր հավատի ուխտը ո՛չ թե մարդու հետ է, որ երեխայի նման խաբվենք, այլ աստծու հետ է անլուծելի կերպով, որ անհնար է քանդել ու հեռանալ, ո՛չ այժմ և ո՛չ հետո, ո՛չ հավիտյանս և ոչ էլ հավիտենից հավիտյանս»։

Ամբողջ բազմությունը, մեծերից մինչև փոքրերը, միաբանվեցին այս մեծ վկայությանը. անսուտ երդում դրին՝ կյանքով և մահով հաստատ մնալ նրա վրա։

Երբ այս նամակն արքունիք հասավ և կարդացին մեծ Խոնաստանում բանակի ամբողջ բազմության առաջ, շատերը, որ լսում էին, գովում էին [տված] պատասխանները։ Թեպետև տերությունից երկյուղ էին կրում, սակայն գաղտնաբար մեկմեկու մոտ նույն գովասանական վկայությունն էին տալիս, ճարտարաբանությունից ավելի զարմանում էին