Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րահանդեսն էլ [թագավորն] ինքն էր անում և պատերազմ սկսելուց առաջ նրանց իրեն մոտ գալ տեղ հասնելն անգամ մեծ շնորհակալության արժանի էր համարում և իր աթոռակիցների ու բոլոր մեծամեծների առաջ գովասանք էր տալիս ամենքին, հիշում էր նրանց նախնիների ծառայությունները և պատմում էր նրանցից յուրաքանչյուրի քաջությունը։

Իսկ այն օրը սրանցից և ոչ մեկն էլ չհիշեց, այլ ինչպես մի չար դև՝ չէր դադարում ձմեռվա բուքը հուզելուց և շարժելուց. ինչպես որ հենց նմանվում էլ էր վրդովված ալեկոծ ծովի, որը ոչ թե երեսանց է մի քիչ [հուզվում], այլ նույնիսկ անդունդից էր բարձրանում փրփրած ու իրար վրա դիզված, վիշապաձայն որոտալով, գազանի նման մռնչալով ընդհանրապես սարսափեցնում էր իր տիեզերական իշխանությունը, կարծես թե փուլ գալով պիտի տարածվեր ամեն կողմ լեռնեցի, անդունդների և ձորերի վրա՝ լայնարձակ ու գեղեցիկ դաշտերը միանգամայն փչացնելու համար։

Մռնչալով ձայն արձակեց և ասաց. «Երդվել եմ մեծ աստված արեգակով, որ իր ճառագայթներով լուսավորում է ամբողջ տիեզերքը և իր ջերմությամբ կենդանացնում է բոլոր արարածներին, որ եթե վաղն առավոտյան, սքանչելու ծագելուն պես, բոլորդ ինձ հետ միասին ծունր չգնեք նրա առաջ նրան աստված դավանելով, ձեզ ամենևին զիջողություն չեմ անի, ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կթափեմ ձեզ վրա, մինչև որ ակամա կատարեք իմ կամքն ու հրամանը»։

Իսկ հավատացյալները՝ Քրիստոսի մեջ հաստատված՝ ո՛չ ձմեռային սառնամանիքից էին հովանում և ո՛չ խորշակի տոթից տաքանում, ո՛չ ահագին ձայնից էին սարսափում և ոչ էլ տանջանքների սպառնալիքից վախենում, այլ վերև նայելով՝ տեսնում էին Քրիստոսի զորությունն իրենց օգնության եկած, և զվարթ դեմքերով ու համեստ խոսքերով առաջ անցնելով՝ թագավորին պատասխան տվին. «Խնդրում ենք քեզնից, քա՛ջ թագավոր, ականջ դիր մեր մի քանի խոսքին և քաղցրությամբ լսի՛ր, ինչ որ ասելու ենք։

«Քեզ հիշեցնում ենք արքայից արքա Շապուհի ժամանակները, որ քո պապ Հազկերտի հայրն էր, և Աստված