Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան Հայոց երկիրը հպատակեցրեց հենց այս կրոնով, որով և մենք ենք կառավարվում այժմ. և մեր հայրերն ու մեր հայրերի պապերը նրա ծառայության մեջ մնացին և սիրով կատարում էին նրա բոլոր հրամանները, և շատ անգամ էլ նրանից մեծամեծ պարգևներ էին ստանում։ Եվ այն ժամանակներից մինչև քո հայրենի աթոռը նստելդ՝ մենք էլ նույն կերպով ծառայեցինք և, թերևս, քեզ ավելի լավ, քան [քո] նախորդներին»։

Այս ասելով՝ ցույց էին տալիս, որ զինվորության կարգի մեջ իրենց քաջություններն ավելի էին, քան թե առաջիններինը։ Իսկ տուրքեր, սակեր և աշխարհի ուրիշ ինչ տեսակ հարկեր որ կային, ավելի շատ էին մտնում արքունի [գանձարանը], քան նրա հոր ժամանակ։

«Նույնիսկ սուրբ եկեղեցին, որ մեր նախնիների կարգի համաձայն սկզբից ևեթ ազատ էր ի Քրիստոս, դու հարկի տակ դրիր» և մենք քո տերությանդ սիրո համար ամենևին չընդդիմացանք քեզ։ Արդ, ինչո՞ւ համար է այս ցասումը հարուցված մեզ վրա. դու մեզ ասա մեր հանցանքն ու մեղքը, մի՞թե մեր կրոնն է պատճառ, որ մենք անվաստակ ենք դուրս եկել քո առաջն։

Իսկ չար դևը, ամեն նենգությամբ լցված, երեսը մի կողմ դարձրեց և ասաց. «Վնաս եմ համարում արքունի գանձարանն ընդունել ձեր աշխարհի հարկը, և ձեր արիությունն ու քաջությունն էլ՝ անօգուտ, որովհետև տգիտութամբ մոլորվել եք մեր ճշմարիտ կրոնից, աստվածներին անարգում եք, կրակն սպանում, ջրերը պղծում և մեռելներին հողի մեջ թաղելով երկիրն ապականում, և մեր կրոնի պատվերները չկատարելով ուժ եք տալիս Հարամանիին. և, որ ամենից մեծն է, ամեն ժամանակ կանանց չեք մերձենում. և դևերը մեծապես ուրախանում են, երբ չեք խրատվում և չեք պահում մոգերի բոլոր կարգերը։ Տեսնում եմ ձեզ ինչպես անապատի մեջ ցրված ու մոլորված խաշներ, և ես շատ վախենում եմ՝ չլինի՞ թե աստվածները ձեր պատճառով բարկանան ու վրեժը մեզանից առնեն: Իսկ դուք եթե կամենում եք ապրել և ձեր ան-