Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձերը փրկել, և մեծարանքներով հետ ուղարկվել, ինչ որ ասացի՝ վաղը շուտ կատարեցեք»։

Այն ժամանակ երանելի նախարարներն առհասարակ բարձրացրին իրենց ձայնը և ասացին բոլորի առաջ, «Մի՛, թագավո՛ր, այլևս մի՛ ասի մեզ այդ բանը. որովհետև եկեղեցին մարդու շինածը չէ և ո՛չ էլ արեգակի տվածը, որի մասին դու թյուրիմացությամբ կարծում ես, թե աստված է. ո՛չ միայն աստված չէ նա, այլև կենդանի էլ չէ։ Իսկ եկեղեցիները ոչ թագավորի պարգև են, ո՛չ ճարտարարվեստների գործ, ո՛չ իմաստունների գյուտ, ո՛չ զինվորների քաջության ավար և ո՛չ էլ դևերի ստապատիր խաբեություն. այլև ինչ էլ որ ասելու լինիս երկրավորներիցս, վեհ բաներից թե վատթարներից, ոչ մի տեղ նրանցից ամենևին եկեղեցի չի ստեղծվի։ Այլ մեծ աստծու շնորհն է այն, որ տվել է ո՛չ թե մարդկանցից որևէ մեկին, այլ բոլոր բանական ազգերին, որոնց վիճակված է այս արեգակի ներքո բնակվել: Նրա հիմքը դրված է հաստատուն վեմի վրա[1], ո՛չ ներքևինները կարող են [այն] շարժել և ո՛չ էլ վերևինները դրդվեցնել։ Իսկ ինչ որ երկինքն ու երկիրը չեն կարող խախտել, թող մարդկանցից ոչ ոք չի խրոխտա հաղթել նրան։ Ուրեմն, ինչ ձևով ուզում ես վարվել վարվի՛ր, բոլորս պատրաստ ենք այն ամեն հարվածների ու տանջանքների մեքենաների համար, որ սպառնացիր, ո՛չ միայն չարչարվելու, այլև մեռնելու։ Եվ եթե դարձյալ նույն բանը հարցնես, ամեն մեկիցս սրանից էլ ավելի [կտրուկ] պատասխան կլսես»։

Այն ժամանակ թագավորը՝ լեղուց ավելի դառնացած՝ փորի մեջ կուտակված կամավոր մաղձի ծովը փուլ էր ածում. և նրա քթից ու բերանից առհասարակ ջերմախառն գոլորշի էր դուրս գալիս, ինչպես սաստիկ հնոցից թանձր ծուխը։ Եվ սիրտը չհամբերելու պատճառով՝ կոտրում էր իր մարմնի զորությունը, ծակոտում մտադրությունների բազմամթեր ամանը և ցրվում-տարածում էր իր բոլոր նենգավոր մտածմունքները։ Եվ ինչ որ ամենևին չէր կամենում հայտնել իր

  1. Հմմտ. Ղուկ. Զ 48: