Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրելիներին, ակամա արտահայտում էր Քրիստոսի ծառաների առաջ և ամեն ինչ կարգով ասում։

Երեք-չորս անդամ կրկնում էր իր անսուտ երդումն արեգակի անունով և ասում էր այսպես, «Չեք կարող խախտել իմ հաստատուն որոշումները, և թույլ չեմ տա, որ դուք շուտով հասնեք ձեր ուզածին. այլ ձեզ բոլորիդ և ովքեր այստեղ զորքի մեջ են, չարաչար կապանքներով Սագաստան վտարել կտամ անճանապարհ տեղերով, այնպես որ ձեզանից շտերը գնալու ժամանակ խորշակից կսատկեն, իսկ մնացածները կգցվեն ամուր րերդերը և անելանելի բանտերը։ Ձեր աշխարհն էլ անթիվ զորք կուղարկեմ փղերի հետ միասին, և ձեր կանանց ու որդիներին Խուժաստան քշել կտամ, և ձեր եկեղեցիները և ինչ որ վկայարան եք կոչում, կքանդեմ, կավերեմ և կփչացնեմ, և եթե էլի մեկը ընդդեմ դուրս եկած լինի, գազանների ոտների տակ գցվելով՝ անողորմ մահով կմեռնի։ Այս ամեն ասածներս կանեմ և կկատարեմ [ձեր] աշխարհում մնացածների վերաբերմամբ»։

Եվ անմիջապես հրամայեց պատվական նախարարներին մեծ անարգանքներով հեռացնել իր աչքի առաջից. և զգուշությամբ հրաման տվեց դահճապետին, որ նրանց առանց կապելու յուրաքանչյուրին իր իջևանում պահի, իսկ ինքը՝ իրենից դուրս եկած՝ անմխիթար տրտմությամբ նորից վերադարձավ և հազիվ ընկավ իր օթևանները։

Իսկ Քրիստոսին ճշմարտությամբ հավատացողները ամենևին չէին երկմտում ու թերահավատում իրենց սուրբ վարդապետների առաջին խրատի վերաբերմամբ, այլ դեռևս հնարքներ էին մտածում, թե ինչպես իրենց և իրենց սիրելիներին ազատեն այն մեծ նեղությունից։ Շատ էին ջանք գործ դնում և հարստության մեծամեծ խոստումներ ու հույս էին տալիս այն մեծամեծներին, որոնք [արքունի] Դռանը նրանց օգնում էին, և հենց նույն ժամանակ էլ նրանց ահագին գանձեր տվին։

Եվ երբ բոլոր կողմերից փակվեց նրանց անելանելի բանտի մուտքը, այն ժամանակ Աբրահամի օրինակը[1] մեջ

  1. Ակնարկված է, Ծննդ. ԻԲ 1—13: