Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերելով աղաղակում և ասում էին իրենց սրտերում. «Մենք բոլորս մեր եղբայրներին ու որդիներին և բոլոր սիրելիներին նվիրել ենք և Իսահակի պես կապած դրել սուրբ սեղանի վրա. ընդունի՛ր, Տե՛ր, մեր այս կամավոր նվերը և մի՛ թույլ տա, որ այս անօրեն իշխանը քո եկեղեցին ծաղրուծանակի ենթարկի»։

Թագավորի ներքին խորհրդակիցներից մեկը գաղտնի կապված էր Քրիստոսի անքակ սիրով, որովհետև նույնիսկ մկրտված էր կենդանի ավազանի մեջ, և մեծապես հոգ էր տանում վշտացածների կյանքը փրկելու։ Եվ երբ հաստատապես ստուգեց, որ թագավոին իր սպառնացած բազմաթիվ չարիքները բոլորն ուզում է կատարել Հայոց աշխարհի գլխին, թեպետ և նրանցից ոչ բոլորին, բայց մի քանիսին խրատ տվեց և սովորեցրեց, թե ինչ հնարք գործ դնեն, որ առժամանակ իրենց փրկեն այն նեղ դրությունից։

Եվ մինչդեռ զորք էին պատրաստում, որ նրանց անդարձ օտարություն քշեն, ինչպես քշել էին Վրաց աշխարհի բազմաթիվ նախարարների, հենց այդ ժամանակ գուժկան հասավ Քուշանների կողմերից, թե թշնամիներից մի գունդ անջատեց ու արքունի շատ գավառներ ավերեց։ Այս բանը երկնային մի մեծ օգնություն եղավ նրանց համար։ Անօրենն շտապով տագնապում էր հեծելազորն առաջ ուղարկել, և ինքն էլ անհապաղ նրա հետևից գնաց. և խոր խոցվելով իր մտադրությունների մեջ՝ խափանեց իր առաջին հաստատուն երդումը։

Իսկ աստվածապաշտներն այս տեսնելով՝ մեծ հուսով աղոթք էին անում և ասում էին միաբան. «Դո՛ւ, ամենքի Տե՛ր, որ գիտես մարդկանց սրտի գաղտնիքը, և հայտնի է քեզ ամեն մի աներևույթ մտադրության, և կարոտ չես տեսանելի բաների ոչ մի վկայության, այնպես որ մեր չգործածներն էլ տեսնում է քո աչքը, այժմ քո առաջ ենք զեղում մեր խնդրվածքը։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր ծածուկ աղոթքները և մեզ կատարյալ դարձրու քո պատվիրանների համաձայն, որպեսզի ամաչի չարը, որ խրոխտացած մարտնչում է մեր դեմ անօրենի իշխանությամբ։ Տարուբերի՛ր, Տե՛ր, նենգավորի