Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղ գնում և, վերջապես, որ բոլոր չարիքներից ամենից վատթարն է, մահը գերադասում են կյանքից, ո՞վ է, որ կարող է նրանց դիմադրել:

«Ես լսել էի մեր նախնիքներից, թե արքայից արքա Շապուհին օրերում, երբ այդ ուսմունքն սկսեց աճել ու բազմանալ և լցնել Պարսից ամբողջ երկիրը, և նույնիսկ մինչև արևելք հասնել, մեր կրոնի վարդապետները հորդորեցին թագավորին [այնպես անել], որ մոգության կրոնը բոլորովին չվերանա աշխարհից. նա էլ սաստիկ հրաման տվեց, որ քրիստոնեությունը բոլորովին դադարի։ Բայց որքան նա կամեցավ արգելքներ հարուցել, նրանք ավելի ու ավելի աճեցին ու բազմացան և հասան մինչև Շուշանների աշխարհը, և այնտեղից էլ [քրիստոնեությունը] տարածվեց դեպի հարավ մինչև Հնդկաստան։

«Եվ այնպես աներկյուղ ու համարձակ էին նրանք Պարսից աշխարհում, որ մինչև անգամ երկրի բոլոր քաղաքներում այնպիսի եկեղեցիներ շինեցին, որոնք իրենց պայծառությամբ գերազանցում էին թագավորաբնակ պալատներից։ Շինում էին նաև վկայարան կոչվածները, և նույնպես զարդարում էին եկեղեցիների նման, և բոլոր տեղերում անապատներ, միայնանոցներ էին շինում։ Եվ թեև ոչ մի տեղից հայտնի օգնություն չէր երևում, բայց նրանք շարունակ աճում ու անընդհատ բազմանում էին և մարմնավոր մեծությամբ ճոխանում։ Հարստության պատճառների մասին մենք ոչինչ չգիտեինք. բայց այսքանը միայն ճշգրիտ իմանում էինք, որ ամբողջ տիեզերքը նրանց ուսմունքի հետևից էր գնում։

«Թեպետև թագավորն սկսեց խստություններ գործ դնել նրանց վերաբերմամբ և նրանցից շատերին բռնեց ու չարչարեց, և շատ շատերին էլ մահով սպանեց, բայց նա դառնացավ ու ինքն իրեն ձանձրացավ, իսկ նրանց բազմությունը չկարողացավ նվազեցնել։ Նույնպես և թեպետ փակեց ու կնքեց եկեղեցիների դռներն ամբողջ Պարսից աշխարհում, բայց նրանք ամեն տուն եկեղեցի դարձրին, և ամեն տեղ իրենց պաշտամունքն էին կատարում, և ամեն մեկն իր անձը վկայարան էր համարում, և մարդկեղեն շինվածքն