Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի լավ էին հաշվում, քան հողեղենը։ Սպանողների սրերը բթացան, իսկ նրանց պարանոցները չհոգնեցին. նրանց ստացվածքն ավարի առնողները հոգնեցին, իսկ ավարը օրեցօր աճեց ու բազմացավ։ Թագավորը զայրացած էր, և բարկացած դահիճները խիստ դառնացած, իսկ նրանք արթուն ու զվարթ՝ ուրախությամբ էին ընդունում ամեն հարված ու տանջանք և սիրով տանում էին իրենց գույքի ամեն մի հափշտակություն:

«Երբ թագավորը տեսավ, որ գրոհ-տալով դեպի մահ դիմեցին, ինչպես սուրբ զոհացուները դեպի երկնավոր աղը, արգելեց և վերջ տվեց նրանց հարվածներին ու տանջանքներին, և հրաման տվեց մոգերին ու մոգպետներին, որ ոչ ոք ամենևին նեղություն չտա նրանց, այլ ամեն մեկն աներկյուղությամբ հաստատ մնա իր հավատին — մոգն ու զանդիկը և հրեան ու քրիստոնյան, և էլի ինչ բազմաթիվ դավանություններ որ կան Պարսից աշխարհի զանազան կողմերում։ Եվ այնուհետև երկիրը հաստատուն խաղաղություն ձեռք բերեց, և բոլոր խռովություններն ու հուզմունքները դադարեցին։ Որովհետև մեր աշխարհի խռովության հետ՝ Արևմուտքն ևս մեծապես շարժվեց, և ամբողջ Տաճկաստանն էլ նրանց հետ հուզվեց։

«Այն ահա լսելով գիտենք. բայց այս, որ ես իմ աչքով տեսա, ինձ թվում է, թե է՛լ ավելի մեծ պիտի լինի, քան առաջվանը։ Արդ, դու, որ այս աշխարհի մարզպանն ես, պարտավոր ես հոգ տանել, գրել և ցույց տալ արքունիքին սրանց միաբան ուժը, թե ինչպե՜ս աներկյուղաբար բանի տեղ չդրին արքունական հրամանը։ Եվ եթե մենք չշտապեինք ու փախուստի չդիմեինք, մեզանից ոչ մեկին էլ կենդանի չէին թողնի: Եթե անզեն մարդիկ այսպիսի ուժ ցույց տվին, հապա եթե հանկարծ զինվորներին էլ իրենց հետ միացնեն, ո՞վ կարող է դրանց հանդուգն հարձակման առաջ կանգնել։

«Ես ահա անտեղյակ էի, որ այդ եկեղեցու ուխտը անքակտելի է միմյանցից. որովհետև ուրի՛շ բան է, երբ մարդ լսում է, և ուրի՛շ բան է, երբ հաստատ կերպով իր աչքով է տեսնում։ Դո՛ւ, որ մանկությունից այդ կրոնի մեջ էիր