Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան դեմ։ Ո՛չ թե անօգուտ վաստակների սնոտի փառասիրությամբ պարծենալու համար ենք աղաչում, կամ թե ընչասեր ագահությամբ անցավոր հարստություն կողոպտելու, այլ որպեսզի ճանաչեն ու իմանան այն բոլորը, ովքեր չեն հնազանդվում սուրբ ավետարանի քարոզությանը, թե դո՛ւ ես կյանքի ու մահվան տերը, և քո՛ ձեռին է հաղթությունն ու պարտությունը։ Իսկ մենք պատրաստ ենք մեռնելու քո սիրո համար. և եթե պետք լինի նրանց սպանել էլ, ճշմարտության համար վրեժխնդիր կլինենք»։

Այս ասելով՝ խումբ կազմեցին ու հարձակվեցին, և աջ թևը ճեղքելով՝ ձախ կողմը գցեցին, բոլորին սրի ճարակ արին ամբողջ դաշտի վրա և փախցրին մինչև անտառի ամուր տեղերը՝ Լոփնաս գետի խոր ձորերի մոտ։ Այստեղ Բաղասական թագավորի թագավորազներից ոմանք ետ դարձան, Հայոց նախարարներից մեկին ձիուց վայր գցեցին, Դիմաքսյան գնդից Մուշին սպանեցին և Գազրիկին վիրավորեցին:

Այնտեղ աչքը վեր բարձրացրեց Արշավիր Արշարունին, մռնչաց առյուծի պես և հարձակվեց վարազի նման, խփեց սատկեցրեց Լփնաց թագավորի եղբայր քաջ Վուրկին և նրա բազմաթիվ համհարզներին էլ նրա հետ սպանեց։ Եվ այսպես առհասարակ յուրաքանչյուրն իր ախոյանին գետին էր գլորում։ Եվ սաստիկ հանդուգն հարձակման պատճառով գետը թափածների թիվն ավելի շատ էր, քան թե ցամաքի վրա սրի անցրածներինը։ Եվ ընկած դիակների բազմությունից գետի հստակ ջրերը արյուն դարձան, և նրանցից ոչ ոք չկարողացավ փրկվել և թաք կենալ դաշտերի խիտ անտառներում: Բայց թշնամիների զորականներից մեկը իր զենքերով միասին բարձրանալով ձիու մեջքին՝ անցավ մեծ գետը, մազապուր պրծավ պատերազմից՝ գույժ տարավ մնացած բուն բանակին, որոնք փախան գնացին մեծ շահաստանը:

Այն ժամանակ Հայոց զորքերը պատերազմի մեծ գործն ավարտելով՝ սկսեցին դիակների կողոպուտը, հավաքեցին բանակի մեծ ավարը և կողոպտեցին ընկած դիակները. ժողովեցին շատ արծաթ ու ոսկի, արի մարդկանց և լավ երիվարների զենքերն ու զարդերը։