Դարձյալ ոչ պակաս քաջությամբ հարձակվեցին այն բերդերի և քաղաքների վրա, որ գրավել էին պարսիկներն Աղվանների աշխարհում, հզորապես մարտնչելով հրդեհում էին նրանց ամուր բերդերը. և մոգերի այն խմբերը, որոնց պատրաստել-բերել էին երկրում գայթակղություն գցելու համար, ո՛ւր էլ գտնում էին ամուր-ամուր տեղերում, սրի ճարակ դարձնելով՝ թողնում էին երկնքի թռչուններին և երկրի գազաններին կերակուր։ Այն տեղերը մաքրեցին բոլոր պիղծ զոհերից և եկեղեցիները փրկեցին-ազատեցին անտանելի նեղությունից։
Աղվանից նախարարներից ու բոլոր շինականներից շատերն էլ, որոնք աստծու անվան համար ցիրուցան էին եղել Կապկոհ լեռնեցին ամուր տեղերում, երբ տեսան այդ գործի հաջողությունը, որ աստված կատարում էր Հայոց զորագնդի միջոցով, նրանք նույնպես եկան-ժողովվեցին և խառնվեցին Հայոց զորքի հետ, և նրանց հետ միաբան ու հավասար մասնակցեցին քաջության գործին։ Այնուհետև գնացին-արշավեցին Հոների պահակի վրա, որ բռնությամբ գրավել էին պարսիկները. առան, քանդեցին պահակը և կոտորեցին ներսում բնակված զորքը և Դուռը հանձնեցին Վահանին, որ Աղվանների թագավորների ցեղից էր։ Եվ այս բոլոր քաջագործություններն անելիս՝ նրանցից ամենևին ոչ ոք չվիրավորվեց, բացի մեկ երանելուց, որ նահատակվեց մեծ պատերազմի մեջ։
Եվ տեղնուտեղը այն մարդուն, որին հանձնել էին Գուռը, հենց նրան էլ դեսպան ուղարկեցին Հոների երկիրր և Հոների երկրին գործակից ուրիշ շատ բարբարոս ազգերի մոտ՝ նրանց հետ բանակցելու և դաշն կնքելու, որ հաստատ մնան այդ միաբանության վրա։ Իսկ նրանք երբ այս բոլորը լսեցին, շտապով եկան-հասան այնտեղ և իրենց աչքով տեսան հաղթության գործը։ Եվ չհապաղեցին երդումով դաշն կնքել իրենց օրենքով ու կարգով. ընդունեցին նաև քրիստոնյաների երդումը՝ հաստատ պահելու միաբանությունը նրանց հետ։
Երբ այս բանն ավարտեցին և իրենց համար մեծ ապա-