Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և Այրուկ Սղկունին,
և Վրեն Տաշրացին,
և Ապրսամ Արծրունին,
և արքունի Շահխոռապետը,
և Խորա Սրվանձտյացը,
և Քողյանները, և Ակեացիները, և Տրպատունիները, և
Ռշտունիների զորքը, և արքունի բոլոր գործակալներն ամեն
մեկն իր զորքերի հետ միասին:


Սրանք բոլորը համախմբված հասան պատերազմի գործի համար Արտազու դաշտը, և նրանց ընդհանուր թիվը եղավ վաթսունևվեց հազար մարդ ձիավոր և հետևակ։

Նրանց հետ եկան սուրբ Հովսեփը, սուրբ Ղևոնդ երեցը և բազմաթիվ այլ քահանաներ և է՛լ ավելի բազմաթիվ հոգևոր պաշտոնյաներ։ Որովհետև նրանք էլ ամենևին չվախեցան պատերազմի գալ նրանց հետ, քանի որ ոչ թե մարմնական էին համարում այն կռիվը, այլ հոգևոր առաքինության կռիվ. ցանկանում էին իրենք էլ քաջ զինվորերին մահակից լինել։

Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց խոսել զորքի հետ և ասաց.

«Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ. տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ. բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել։ Անարգ և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ՝ այդ բազ-