Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մաթիվ պարգևները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են։

«Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն ավելի ևս [պետք է կատարենք] մեր անմահ թագավորի համար, որ տերն է կենդանիների և մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ։ Չէ՞ որ եթե խիստ շատ ապրելով ծերանամ, միևնույն է՝ այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի Աստծու մոտ, որից այլևս չպետք է բաժանվենք։

«Արդ, աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով՝ ավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը. իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք։

«Մանավանդ ես չեմ մոռացել և հիշում եմ, թե ինչպես ես և ձեզանից ոմանք այն ժամանակ անօրեն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք, ինչպես մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տերն ինքը վկա է մեզ, թե ծածուկ մտադրություններով ինչպե՛ս անբաժան ենք մնացել նրանից։ Այս դուք ինքներդ էլ գիտեք, որ հնարներ էինք փնտրում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղության մեջ էին, որպեսզի նրանց հետ միասին մարտի մեջ մտնելով կռվենք անօրեն իշխանի դեմ հայրենի աստվածատուր օրենքների համար։ Եվ երբ նրանց չկարողացանք որևէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնավոր սիրո համար աստծուն մարդկանց հետ փոխանակենք։