Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իսկ արդ՝ երկու և երեք կռիվների մեջ ինքը Տերը մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովությունն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց։ Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճված՝ իր սովորական բնությունից էլ ցած իջավ մեզ հետ խոսելով։ Նա, որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը սուրբ եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում։ Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը [չի կարելի փոխել], գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը։ Որովհետև սրա հիմքերը հաստատ կերպով դրված են անշարժ վեմի վրա, ո՛չ թե երկրի վրա, այլ վերևում՝ երկնքում, ուր ո՛չ անձրևներ են գալիս, ո՛չ քամիներ են փչում և ո՛չ էլ հեղեղներ հարուցանում։ Եվ մենք էլ, թեպետ և մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել քրիստոսի անձեռագործ շինվածքին։

«Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները։ Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է աստծու զորությունը։ Որովհետև եթե ուրիշներին կոտորելով աստվածային օրենքի համար՝ մեզ պարծանք ժառանգեցինք և մեր ազգատոհմի քաջ անունը եկեղեցուն թողինք, և վարձի ակնկալությունը Տիրոջից է, որ պահված է մեզնից ամեն մեկի համար իր սրտի հոժարության և կատարած գործերի համեմատ, ինչքա՛ն ավելի ևս, եթե մենք մեռնենք մեր տեր Հիսուս Քրիստոսի մեծ վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակներն են ցանկանում, եթե հնար լիներ։ Եվ որովհետև այս պարգևները ո՛չ թե բոլորին է պատշաճ,