Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ ում համար պատրաստում է բարերար Տերը, մեզ էլ այս պատահեր ո՛չ թե մեր արդար գործերի համար, այլ աննախանձ պարգևատուի կողմից, ինչպես որ ասում էլ է սուրբ կտակարանում. «Ուր ավելի եղավ մեղքը, այնտեղ էլ ավելացան աստծու շնորհները»[1]:

«Եվ խիստ հարմար է գալիս մեզ այս պատգամը. ինչպես որ մեծ չափով ամբարիշտ երևացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կերևանք մարդկանց ու հրեշտակներին և ամենքի հորը։ Որովհետև չէ՞ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափվեց սուրբ եկեղեցում, և է՛լ ավելի շատ՝ մեր սիրելիների մեջ։ Մինչև անգամ մեր ընկերները զայրացած՝ սրով էին սպառնում մեզ և կամենում էին դառն մահով պատմել մեզ, և մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից։ Հեռավոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր քրիստոնեության անունը, տեղյակ չլինելով մեր մտադրություններին, ողբ ասելով՝ անդադար սուգ էին անում մեզ վրա և անգիտությամբ շատ անարգական բաներ էին խոսում մեր մասին։ Եվ ինչ որ ամենից մեծն է՝ կասեմ. ո՛չ միայն մարդիկ երկրի վրա, այլև հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տվին մեզանից, որպեսզի տխուր դեմքերով չնայեն մեզ։

«Եվ ահա եկել-հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից։ Այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր՝ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած՝ առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետև բարերար տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ. մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների զորագլուխը։ Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»։

Առաքինի զորավարն այս ամենը խոսեց ամբողջ բազմության առաջ. դարձյալ և նրանցից սրան-նրան ծածուկ քա-

  1. Հռովմ. Ե 20: