Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջալերում էր ու սիրտ տալիս և բոլոր պակասություններն ու թերությունները լրացնում։ Զորականներից ո՛րը ոչինչ չուներ, հոգում էր իր սեփականությունից և ընկերներից. ով զենք չուներ, զենք էր հայթայթում նրան, ում զգեստ էր պետք, զգեստ էր հագցնում, և ում ձի էր պետք, ձի էր տալիս։ Եվ առատ պարենով ուրախացնում էր բոլորին, և թեքն իրեն զվարթ էր ցույց տալիս ամենքին։ Եվ պատերազմական կարգի համաձայն՝ քաջ տղամարդկանց հիշատակության արժանի գործերը շարունակ կրկնում էր նրանց առաջ, որովհետև հենց ինքն էլ մանկությունից տեղյակ էր սուրբ կտակարաններին։ Եվ ձեռքն անելով Մակաբայեցոց քաջ նկարագիրը՝ կարդում էր, որ բոլորը լսեն, և հորդառատ խոսքերով նրանց հասկացնում էր գործերի հանգամանքները, թե ինչպես մարտնչելով կռվեցին աստվածատուր օրենքների համար Անտիոքացիների թագավորի դեմ։ Թեպետև նրանք նույն պատերազմի մեջ իրենց մահը գտան, բայց նրանց քաջ անունն անմոռաց մնաց մինչև այսօր ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում։ Հիշեցնում էր զորականներին նաև այն, թե ինչպես Մատաթիայի ազգատոհմը քակտվեց-անջատվեց նրա միաբանությունից, հնազանդվեցին թագավորի հրամանին, մեհյաններ շինեցին, պիղծ զոհեր մատուցին, աստծուց շեղվեցին, և մահվան պատիժ ստացան սուրբ միաբանվածների ձեռքով։ Իսկ Մատաթին և նրա հետ եղածները ամենևին չվհատվեցին և չթուլացան, այլ է՛լ ավելի զորացան և երկար ժամանակ ձեռնամուխ եղան պատերազմի գործին։ Այս պատմում էր և տեղնուտեղը դաշտում տեղավորում զորքը և բոլոր կողմերից հետզհետե կարգավորում այրուձին։

Մի քանի օրից հետո Պարսից զորագլուխը առաջ խաղաց ամբողջ հեթանոս բազմության հետ. եկավ-հասավ Հայոց երկիրը՝ Հեր և Զարևանդ գավառը։ Այնտեղ գավառում կանգ առնելով, բանակ գրեց, փոս փորեց, պատնեշ շինեց, ցցապատերով փակեց, և ամեն պատրաստությամբ ամրացրեց ինչպես քաղաք։ Նրա զորքերից մեծաթիվ գունդ բաժանվեց, ասպատակելով արշավեց և կամենում էր բազմաթիվ գավառներ կողոպտել։