Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
16

Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու —
Սի՛րտս գիտե միայն՝ արշալույս է գալու։

Սիրտս գիտե հիմա՝ պիտի իջնի գիշեր,
Պիտի մեռնի, մարի ամեն կարոտ ու սեր։

Մութը պիտի իջնի ու աշխարհը այս հին
Պիտի ցնո՛րք դառնա, պիտի գգվի մահին։

Պիտի ցնդի, մարի, որպես հեռու մի հուշ —
Մինչև կարմիր վառվի արշալույսը անուշ։

Մինչև վառվի մուժում արևը հուր, հզոր —
Ու նո՜ր փայլով խնդա հորիզոնը բոսոր։

Սիրտս գիտե հիմա, որ արևը մեր այս —
Փայլ է ուրի՜շ կյանքի, ուրիշ կյանքի երազ։

Պիտի իջնի, մարի երկինքներում բոսոր —
Որ արթնանա նորից՝ հեռավոր ու հզոր։