Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18
Տեսնում եմ՝ վառ օրերում, օրերի հրում
Դեմքդ ժպտում է ահա աշխարհին ամբողջ.
Բացվել է դեմդ ահա աշխարհի հեռուն,
Շիկնել է դեմդ ահա տիեզերքը ողջ.․.

Դու, որ ժպտում ես հիմա, որ վառել ես այդ
Խնդությունդ հրեղեն — ամենքի՜ համար, —
Նայի՛ր մի պահ քո հրե աչքերով զվարթ
Դեպի երկի՛րը իմ մութ, իմ երկիրը մառ․․․

Վառի՛ր երկիրս քո դեմ — մի կարմիր կանթեղ,
Նետի՜ր ժպիտդ վերջին իմ ավե՜ր երկրին․
Տո՛ւր վերքերին նրա մառ, վերքերին անդեղ
Կարմիր ժպիտը քո սուրբ, քո՛ւյր իմ, Սո՛մա, կի՜ն։