Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2․ ՇԱՄԻՐԱՄ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նայիրի։

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի։

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում
                                    էր Արան։
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նայիրին.
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին։

Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
Հազա՛ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ։

Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ․
Արքաների համար նոր —բավական է մի ժպիտ.—

Միայն ակնարկ մի թեթև — և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ։ —