Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵԶԵՐՔԸ ԱԻԴ

Հոգու հեռավոր դարպասից անդին,
Ուր մշուշ է, մեգ,—
Ուր թանձր միգում վխտում են մթին
Կասկածները նենգ.
Ուր չի թափանցում նայվածքը երբեք —
Խոհը միամիտ,—
Կա մի մութ եզերք, անունը — Աիդ։

Հոգու այդ վերջին դարպասի առաջ
Հսկում է անքուն
Այդ մութ եզերքի արքան աներազ —
Սևահեր մի շուն՝
Կույր նայվածքը իր կուրորեն հառած
Հիվանդոտ մուժում։

Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ,
Իր եզերքը հին,
Ուր վերջին, ճղճիմ գոյության համար
Հանձնված մութին՝
Տառապում է մեր մարող, հոգևար
Երազի հոգին։