Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու մութ է այնտեղ, աներազ մուժում,—
Տաղտուկ, ամայի։
Ու ցուրտ է այնտեղ՝ Ստիքսն է հոսում,
Գանգեսը մահի՝
Հավիտենության լաբիրինթոսում
Անիմանալի։

Ու այն եզերքի սևահեր արքան —
Անկուշտ, անօթի,—
Հսկում է, որ ջինջ երազները գան —
Բռնի, հոշոտի,—
Ու երազների դիերն անկենդան
Ստիքսը նետի։

Ու հոգու վերջին դարպասից անդին
Նենգ, հսկում է նա։
Հսկում է, որ ջինջ երազներն ընկնին
Եզերքը նրա։
Եվ ոռնում է նա լույս գիշերներին —
Լուսինի վրա։
1916