Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՐԻ, Է՛Գ ԹՌՉՈԻՆ...

Չգիտեմ, Մարի, երկնքի մովից
Ինչո՞ւ էր հոգիս կարոտով կանչում,
Որ ճախրես, թռչես, վերանաս նորից,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՜գ թռչուն։
Դաշտերը միայն գրավում են քեզ.
Դաշտերը կանաչ, գոհարը ցողի։ —
Դաշտերի միգում կորցրել եմ ես
Մի հին, երկրային բերկրանքի ուղի։
Մոռացել եմ ես դաշտերի ուղին.
Մոռացել է իմ երազող հոգին
Հովը դաշտերի, զմրուխտը կանաչ.
Աշխարհը մեռավ հավերժի առաջ—
Եվ ես մոռացա բախտը աշխարհի՝
Աշխարհի հեռուն ու բախտը բարի։
Լուսնյակ գիշերով ես ճամփա ընկա
Ու կյանքը թողած, ու կյանքի հեռուն —
Թաղեցի հոգիս լուռ ու լուսնկա
Հավիտենության մեռած դաշտերում։
Ու լուռ է շուրջս — ձմեռ ու գիշեր,
Ու երգը մահի, որ կոչվում է — սեր։

Մեռած է, Մարի՜, իմ սիրտը հիմա։
Շուրջս — լռություն, ու գիշեր, ու մահ.