Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ միայն Պողոսն էր, որ արդեն
Դեպոյից ընկած Պերեմիշլ՝
Ամրանում էր ոգով ու սրտով
490 Ու մտքեր ընդանում ուրիշ։

Ձուլվում էր բանակին էն մեծ,
Որ հուզվում էր արդեն, խլրտում,
Որ պիտի աշխարհը ցնցեր,
երբ դառնար կրկին մի օր տուն։

495 Բայց նրանք դեմ-դեմի կեցած
Այն ահեղ, ահավոր կռվում
Արնաքամ դեռ կռվում էին
Հայրենի դաշտերից հեռու։

Իվանը, Հանսը, Ժանեն —
500 Մոսկովցի, փարիզցի, բեռլինցի —
Բոլո՛րը մի հսկա, բյուրանուն
Բանվոր,
Մուշա,
Գյուղացի։

505 Եվ նրանց դիերի վրայով,
Լոնդոնից մինչև Կապուտան —
Անցնում էր երկաթե քայլով
Մի հրեշ՝ անունը Կապիտալ։

Գալիս էր Բեռլինից, Փարիզից,
510 Գալիս էր — հյուսիսից դեղին,
Անցնում էր Նայիրի վրայից,
Բռնել էր Բաղդադի ուղին։