Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Էդ վարելու տեղն էլ որ կար —
Գեղից հեռու, քար ու քոլոտ։
Արտը հեռու, վարը դժար —
20 Աշխատում էր տարին բոլոր։
Ու աշունքին թե լավ ըլեր —
Մի չոր հաց էր իրան մնում,
էդ շոր հացն էլ թե որ չըլեր —
Ուրիշի էր մշակ գնում։
25 Ինքը ջահել — երիտասարդ,
Տունը պառավ հեր ու նանի,.
Թրտինք թափում գիշեր ու զօր —
Պահում էր տուն ու ընտանիք։

II



էս օրումն էր մաճկալ Սաքոն,
30 Երբ գերմանու կռիվն ընկավ։
Ի՞նչ իմանար մաճկալ Սաքոն —
Ո՞վ է սարքում կռիվ ու դավ։
Ի՞նչ իմանար Սաքոն ռանչպար,
Թե ընչի՞ են կռիվ անում.
35 Շա՞տ էր տեսել իրա օրում
էդ նեմեցին կամ գերմանուն։
Ինքը մենակ էն իմացավ,
Որ գզիրը էկավ մի օր,
Թուղթ է էկել քաղքից, ասավ,
40 Թե ջահելին տանեն զինվոր։շ

III



Ըլե՞լ է հեչ, որ զենք առնի
Ու հարուստը գնա կռիվ։
Դե հայտնի է սաղ աշխարքին,
Որ խեղճին են տանում կռիվ։