Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերելքը ծանր էր և ուղին — ավեր։
Եվ այնտեղ չկար ո՛չ մարդ, ո՛չ թռչուն։
Եվ շարա՜ն֊շարա՜ն բարձրանում էր վեր
Մեր բեռնավորված ընկերների չուն։
155 Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝
Ոտքերիս կպած մեզ վա՛ր էր կանչում։

Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան
Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք։
Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա,
160 Ուր ոչ արարած, ո՛չ բույս կար, ո՛չ կյանք։
Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝
Խորո՜ւնկ զգացինք, որ ապրում ենք, կա՜նք։

Հպարտ հայացքով նայում էի ես
Եվ խմում էի անսահման հեռուն։
165 Բարձրության վրա խորո՜ւնկ է այնպես
Մարդկային հոգին անհունը սիրում։
Անհո՛ւն հրճվանքով զգում Էի ես,
Որ լա՛վ է, որ կամ այս հին աշխարհում։

Եվ խորասուզված կույս հեոուների
170 Անսահման ու խոր անհունության մեջ —
Ես հոգուս խորքում լուռ ուխտում էի
Լինել գթասիրտ, ու հպարտ, ու մեծ—
Երբ հեռվից հանկարծ մի զինվոր֊ընկեր
Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց։

175 Մոտեցա... և քար կտրած մնացի։ —
Ձյուների վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին։