Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Չոր մատների մեջ փշրանքը հացի
180 Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին։

Աչքերը թարթեց նա վերջին անգամ
Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ։
Սարսափելի էր այս ամենն այնքան,
Որ մեր շրթերից ո՛չ մի բառ չընկավ։
185 Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
Մի անհուն կսկիծ ու մի հսկա ցավ։

Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր
Եվ անալելու թաղեցինք նրան։
Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր
190 Նույն ձյունն անհամբույր դարսեցին վրան։
Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ,
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն։

Ու քայլում էինք, հոգնած ու մռայլ,
Այդ ճամփաների հետքերով ավեր։
195 Եվ Մեր թափորի ընթացքն համրաքայլ
Չար, մահաշշուկ բարձրանում էր վեր։
Եվ մեր համր հոգին ծանր էր, որպես քար,
Եվ չէինք կարող այլևս ցավել։

Մենք չէինք կարող խղճալ ոչ-ոքի.
200 Կսկիծն էր նստել մեր հոգիներում։
Զգում էինք, որ մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն։
Զգում էինք, որ չար ոսոխ կա մի,
Որ վերք է տալիս ու մահ է բերում։

265 Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր,
Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի։