Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ քայլում էինք մենք հանդիսավոր,
Որպես մի անհուն, սրբազան ուխտի։
Եվ վերջին անգամ երդվում էինք, որ
210 Ոչ-ո՛ք իր ուխտը երբե՛ք չխախտի։

Եվ՝ ծանրաբեռքնված քարավաններով՝
Դառնում էր մեկը ճամփաներից ետ։
Ի՜նչ էր հավաքել, ինչո՞ւ, ո՞ւմ գնով—
Մութ էր մեզ համար, անմիտ, անհեթեթ։
215 Բարեկամ էր նա, բայց մե՛ր արյունով
Բարեկամ դարձած մի գիշեր մեզ հետ․․․

Եվ թշնամի էր մեզ ամեն մի քար
Եվ ամեն մի իր լարում էր դավեր։
Եվ անցնում էինք մենք հանդիսաքայլ
220 Այն ճամփաների հետքերով ավեր,
Ուր ո՛չ մի էակ այլևս չկար,
Ուր մարդ չէր կարող խղճալ ու ցավել․․․

IV



Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ,
Որ գտնվում էր ծովակի ափին։
225 Ավերված էր նա։ Այստեղ ու այնտեղ՝
Մի քանի տներ դեռ մխում էին։
Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ
Դեռ երգում էին իրենց երգը հին։

Կարկաչուն, հնչուն մանուկների պես,
230 Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝
Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես,
Վետվետում էին ու թռչում առաջ։