Բայց պատահեց հանկարծ զարմանալի,
Զարմանալի մի բան.— կինը, հևիհև,
245
Ինչպես ճերմակ փրփուր, ճերմակ ալիք —
Փլվնց, փռվեց Շավարշի նժույգի առջևը.—
«Կուրբա՛ն»,— կանչեց կինը.— »կուրրա՛ն սյանի,
Սյա՛ն մյանըմ իգիթըմ, սյա՛ն մյանի ալ.
Մյան սյավարըմ սյանի, իգիթ էրմյանի» —
250
Ձայնը՝ աղբրի՛ նման, աղբրի՛ նման զուլալ...
Ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր․ ցնո՞րք էր, զառանցա՞նք.
տե՞նդ.
(Քրտինքի մեջ կորած ձին
Լիզում էր թաց լնդերքը
Եվ հազիվ էր դիմանում սանձին) —
255
Երբ դիմացից հանկարծ, դիմացի խրճիթից
Դուրս թռավ մի զինվոր՝ ձեռքին դաշույն,—
Հետո հիշում է Շավարշը մի զարհուրելի ճիչ.
Հետո մշո՛ւշ, մշո՛ւշ, մշո՛ւշ...
— Չե՛մ տա,— գոռաց զինվորը,— չե՛մ տա,
Շավարշ, ի՛մն է.
260
Իմ ձեռքերից փախավ շան քածը․․․
Վրա պրծավ մռայլ,— ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է։—
Ու հիշում է Շավարշը. — կինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր, արյան մեջ — և —
265
Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակը — իր ձիու սմբակների առջև...
Այն ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր. ցնո՞րք էր,
զառացա՞նք, տե՞նդ.
Խենթի պես, նրանց դիակների վրայով, քշեց իր ձին,
270
Այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, քանդեց,
Գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի։