Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի ամբողջ փողոց նա այդպես անցավ,
Մինչև հանդիպեց մի մարդու,
425 Որ երեսը շրջել չկամեցավ...
— Երե՛սդ,— գոռաց Շավարշը,— դեպի պատը,
Թե չէ՝ ռեխ֊մռեխդ հիմի կջարդեմ․․․
Բայց այդ զարմանալի մարդը
Մաուզերը քաշեց — ու կանգնեց նրա դեմ։
430 Շավարշը շվարեց․ երա՞զ էր, տե՞նդ,—
Ուզեց մաուզերի բլթակը քաշի,
Երբ հանկարծ հետևից մի ծանր ձեռք
Բռունցքով խփեց Շավարշին։
Շավարշը օրորվեց, ընկավ մայթին․
435 Փողոցը երերաց աչքերում․ մթնեց.
Ու թվաց Շավարշին, թե այդ մարդը
Քաշեց իր ուղեղում երկաթե պատնեշ․․․
Չլսեց էլ Շավարշը իր խմբի տղերանց
Մաուզերների ձայնը և չզգաց անգամ,
440 Թե ինչպես Եգորը հանկարծ
Քարի պես ծանրածանր — իր վրա ընկավ։
Չտեսավ Շավարշը և այն, թե հետո
Իր խմբի մնացորգր ո՞նց նահանջեց․
Լոկ թվում էր նրան, թե մեկը երկաթով
445 Այրում է իր ականջը։
Եվ տանը միայն, երբ աչքերը բացեց,
Ուշքի եկավ մի քիչ— հասկացավ, որ այդ մարդը
Որին հանդիպել էր — եղել է իր մեծ
Խաչեղբայր — Խմրապետ Սմբատը։
450 ․ ․ ․ ․ ․ ․ ․
    ․ ․ ․ ․ ․ ․ ․