Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
17

580 Օ՜, Իսահակյան եղբայր Ավետիք,—
Քանի կան կյանքում Թորգոմյան որդիք
Աբուլ Ալաներ չեն պակսիլ կյանքից...
Սիրելի եղբայր, հավատա՛ դու ինձ,
Որ երբ ես տեսա երազիս միջում,
585 Թե ինչպես քա՜ղցր է, քա՜ղցր է ղողանջում
Բրդի քարվանը Լեգեոն մեծի —
Աբուլ Ալայիդ քարվանն հիշեցի...
Մի՞թե այս բանում մեղավո՞ր եմ ես —
Ավո ջան, հոգի՛ս, խնդրում եմ․․․ներես․..
590 Մի՞թե չգիտես, որ մարդ երազում
Երբեմն հիմար բաներ է ասում։ —
Ես էլ, երբ որ այդ քարվանը տեսա —
<<Աբուլ Ալայի քարվանն է սա>> —
Չգիտեմ ինչու ասացի հանկարծ...
595 Ախ, չէր մնացել խելքի մի առկայծ
Այդ նվիրական, այդ սուրբ վայրկյանին,
Երբ աչքիս առաջ օրորվում էին
Ձիերը՝ բարձած արյունոտ բրդով
Եվ Լեգեոնը, երբ սուրբ եռանդով
600 Նրա առաջից քայլում էր հանդարտ...
նույնիսկ ես տեսա, որ լուսե մի վարդ
Վառվում էր նրա բյուրեղ ճակատին
Ու լույս էր տալիս աշխարհի մութին․․․
Ես այդ վայրկյանին շա՜տ էի հպարտ,
605 Որ մեր ազգն ունի այդպիսի մի մարդ։
Ու սիրտս նրան օրհնեք էր ասում
Իմ տարօրինակ, իմ խենթ երազում—
Երբ տեսա, որ այդ քարավանը մեծ
Հին Արարատյան դաշտի մեջ կանգնեց․
62