Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ

I

Հեռո՛ւ, մոտիկ ընկերներին,— աշխարհներին, արևներին,—
 
Հրանման հոգիներին։ —
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,—
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ։—
5 Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին—ողջո՜ւյն, ողջո՛ւյն։

II


Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
10 Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում—
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա-
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
15 Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։—
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։—
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի—
20 Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։—