Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ո՞վ, ո՞վ կասի՝
Նետե՞լ է արդյոք մեկը աշխարհում
Այսօրվա կարմի՛ր, կարմիր ձեր՝ երթին
80 Ողջույն — ավելի՛ առնական, արի,
Քան ողջույնը քո, երկիր արնաքամ,
Կարմի՛ր Նայիրի...


Ծաղկի պես կարմիր, հրասիրտ, զվարթ,
85 Բացվել է այսօր սիրտս նայիրյան
Աշխարհի սրտում—
Թեժ, կարմիր սրտում վառվող աշխարհի։
Իմ հազա՜ր անգամ ու հազա՜ր սրով
Արնոտած, խոցված սիրտը նայիրյան
90 Բացվել է այսօր աշխարհի սրտում.
Հուզում է հոգիս անհուն մի խնդում,
Խնդում մի հրե —
Եվ երգում եմ ես, ահե՜ղ ու պայծառ,
Քո էն երգը մեծ, տիեզերական,
95 Երկի՛ր Նայիրի...
Երգում եմ հիմա քո երգը էն մեծ,
Որ սրտիս տվեց տառապանքը քո,
Քո աշխատունակ հաղթ ժողովրդի
Տառապանքը մեծ։

100 Ե՛ս — ե՛ս եմ նորից.—
Դարերից եկած անհո՜ւն մի պոետ —
Եղիշե Չարենց —
Նայիրի երկի՛ր, քո երգիչը վառ,
Օրհներգուն պայծառ
105 Ու զավակը մեծ...