Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XVIII


Տալստո՛յ, ժան—Ժակ—Ռուսսո՛, Ֆլոբե՛ր ու Ամիչի՛ս,
Ու Մահարի Գուրգեն,— ինձ օգնության եկե՛ք,
Որ կարենամ երգել իմ մանկությունը ջինջ
140 Իր առաջին քայլից նա ողողվեց թեպետ
Մի հեղուկով, որի բուրմունքների միջից
Օ, դժվար է մի քիչ քնքշություններ բեկել...
Մինչև օրս, երբ ինձ մանկություն են ասում—
Ես, չգիտեմ ինչու... այդ բուրմունքն եմ հիշում։—

XIX


145 Ահա՛ և իմ ամբողջ մանկությունը։— էլ ի՞նչ,
էլ ի՞նչ կարող եմ ես հիշել ավելի վա՛ռ.—
Այսպես թափվել է միշտ մի քնքշություն վերից։
Եվ երբ փորձել եմ ես ըմբոստանալ —
Մայրս սարսափահար կշտամբել է միշտ ինձ
150 Եվ խրատել է՝ լուռ, խոնարհ մնալ,
Եվ ընդունել վերից թափվող ամեն մի բույր,
Որպես վերուստ տրված երջանկության համբույր...

XX


Եվ իսկապես — այդ բո՛ւյրը — Իմ ուղեղի մուժից,
Որ կոչում են մարդիկ հիշողություն,—
155 Նա ելնում է ահա և իմ սիրտը խուժում,
Որպես անցած կյանքից բարձրացած թույն.
Եվ չգիտեմ հիմա, թե ես ի՛նչ եմ հիշում,
Իմ մանկությո՞ւնն արդյոք, թե այն անթով,
Այն գարշահոտ անցյալը, որ մեզ համար միայն
160 Նողկալի բույր ուներ, ու անարգանք, ու մահ։—