Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով
70 Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով այս ափին,
Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,
Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի ափը Մահվան ու Սարսափի…

Ա


Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.—
Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
75 Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ
Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի։

Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
Անուղի, ինչպես մոլորված երկու կույր, կամ անօգ մանուկ։
Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե մոտիկը մեր, թե հեռուն.
80 Միևնո՛ւյն լռությունն անհուն։

Խտանում է մեր դեմ մառախուղը.— ժայռեր են կարծես ու քարեր
Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ։—