Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հիմա հերկի՛ր ու վարի՛ր
Քո անսահման հերկը...

Հիմա դաշտ եք ելնում դուք լիասիրտ,
Ո՜վ անեզր հերկերի սերմնացաննե՛ր,
225 Հերկում եք ու վարում միասին
Ձեր դաշտերը անեզր։
Քշել եք դաշտերից արդեն
Շահագործող մարդուն,
Ոսոխին դժնի ու արնաքամ,
230 Եվ հերկում եք հիմա զվարթուն
Ձեր հերկը համայնական։—

Եվ դուք գիտեք հիմա՝ այս հերկը,
Որ մշակում եք արդ ու վարում միասին —
Ձեր Լուսավոր կյանքի, ձեր Գալիքի հե՛րկն է
235 Ինչպես իմ երգը — ե՛րգ է այդ Գալիքի մասին:
Այդ հերկը ձգվում է անծայրածիր
Մեր հինավուրց Նորքից մինչև Խաղաղական։—
Բարձրացել է այսօր մի հոյակապ հնձի
Մեր անսահման երկիրը՝ հագած պողպատ վահան
240 Այն մոխիրե, այն նեղ ճամբեքի փոխարեն.
Ուր ճռընչում էր սայլը հնավանդ —
Հիմա ձգվում են լայն ճանապարհներ անվերջ
Սառուցյալից մինչև Երևան։
Եվ այդ անվերջ, այդ լայն ճանապարհներով,
245 Որոնց ծայրը այսօր հասել է Նորք —
Ընթանում են հանդուգն քայլերով
Սերմնացաններ՝ արև ու խնդություն բերող։—

Ճանապարհով այդ մեծ ու անծայրածիր,
Դառն անցյալի հանդեպ անհողդողդ ու աններ՝
250 Այսօր ելել եք դուք աննախընթաց հնձի,
Ո՜վ գալիքի խիզախ սերմնացաններ...