Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերապրել, մասամբ էլ նրան, որ շատ֊շատերը, այո՛, մանավանդ արհեստավորներից և շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելու— որը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ։ Ասվեցին, ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, նայիրյան հիմնը և «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո՛չ միայն Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, — այլև Գեներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից։ Հետո կամավորները գնացք նստեցին— և ահա կեցցեների, երաժշտության, լացի և ոգևորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ։ Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ և անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար և, արցունքի միջից, սպասումի ժպիտ։ Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նայիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքը— Ավետյաց երկիրը— հնամյա Նայիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անց նայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը