Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասանական, կես-երգեցիկ ձայնով, և դահլիճում տիրեց մեռելային լռություն։ Սքանչելի կուպլետիստ էր Եֆիմ Բրավելմանը. թավ, կրծքային ձայն ուներ, հրեական առոգանություն և գիտեր անթիվ–անհամար սրամիտ կուպլետներ։ Ես շատ եմ տեսել կուպլետիստներ, սակայն պիտի ասեմ, որ դրանցից ամենաքանքարավորը — Եֆիմ Բրավելմանն էր, այդ երիտասարդ ռեցիդիվիստը, որի մասին պատմում էին, թե նա նույն վարպետությամբ ու հեշտությամբ է կողպեքներ բաց անում, ինչ վարպետությամբ ու հեշտությամբ երգում էր իր սքանչելի կուպլետները։ Իբրև լեգենդ նրա մասին ասվում էր, որ նա վերջին անգամ ձերբակալվել է... Չեկայի նախագահի բնակարանում, ուր նա մտել է նրա վերարկուն թռցնելու։ Երբ ես հարցրի Եֆիմին այս լեգենդի մասին՝ նա չափազանց բարկացավ։ Ասաց, որ թշնամիների սարքած խոսք է, չհավատամ։ Ծայր աստիճանի կասկածոտ էր ու ծածկամիտ։ Թե ո՞րտեղից, ի՞նչպես էր նա Երևան ընկել — ես այնպես էլ չիմացա։ Երբ մի անգամ նրան ես միամտաբար հարցրի, թե ո՛րտեղացի է ինքը, նա կասկածոտ աչքերը խրեց ուղիղ իմ բիբերի խորքը ու պատասխանեց.

— Լարցրո՛ւ քամուն։ Դեռ աշխարհում այնպիսի մարդ չի ծնվել, որ իմանա Եֆիմի որտեղացի լինելը։ Այո՛, ընկե՛ր։

Ու մի քանի անգամ ևս իր ասեղանման աչքերով փորփրելով հայացքս՝ շվշվացնելով հեռացավ։

Այսպես թե այնպես՝ սքանչելի կուպլետիստ Էր Եֆիմ Բրավելմանը, կատարյալ արտիստ։ Եվ իր այս ընդունակությունն անգամ նա մսխում էր