Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ անհանգստության պատճառը, և, լուռ, շարունակեց խաղալ։ Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան Գեներալ Ալոշը և Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն։ Ռումբի պես ներս ընկան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերը — թափեցին հատակին… Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած։ Իսկ Կինտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել և ավելի մեծ առիթ ուներ բարկանալու — ինքը ևս, անակնկալի եկած, կարծելով, երևի, որ հարբած են «տղերքը» — վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, և բացագանչեց, հիմարացած.— Ուռռա՜. ուռա՜ա՜, ուռա՜ա՜ա՜…

— Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա,— զայրացած բացագանչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով.— Ի՞նչ է պատահել։

Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լռեն, և —

Պատերազմ.— հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն — ու տիրեց լռություն՝ ակնածանք ու զարմանք։

Գեներալ Ալոշը ևս ցանկանում էր ինչ-որ բան ասել. ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված՝ լռեց ու մնաց։ Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին Գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին։ Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի Սիմոնի — Կլուբի մեյմունի դեմքին։ Սերգե Կասպարիչր ձեռքը շրթունքներին տարավ և, մեքենայաբար, ինչպես այդ պա-