Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Այդ դյուրին է,− ըսավ քահանան,− նախ երեք հազար ոսկիի օժիտի խնդիրը կա, հետո Ղուկաս էֆենտիի նյութական կարության մասին եղած աննպաստ տարաձայնությունները, ասկե զատ, եթե պետք ըլլա, ներքին ընտանեկան աղտոտ բաներ ալ մեջտեղ կրնաս դնել… օրինակի համար, այդ Ղուկաս էֆենտիի համար կըսեն, որ իր քենին կսիրե…

− Ի՞նչ կըսես, տեր հայր,− գոչեց Անթառամ գայթակղած։

− Ամենուն գիտցած բանն է աս, տիկին, ես մտքես չեմ հնարեր կոր։

− Բայց ինչո՞ւ առաջին օրվընե ի վեր այդ բաները զավկիս չըսիր։

− Ես երբոր ձեր հետ աոաջին անգամ տեսնվեցա, բանը բանեն անցեր էր, որոշումը տվեք էիք և որովհետև ես չեմ սիրեր այդ տեսակ խնդիրներու մեջ խոսք խառնել, մանավանդ որ իմ դիրքիս ու աստիճանիս ալ անվայել է, հետևաբար ձայն չհանեցի… նույնիսկ, երբ ձեր համակրությունը տեսա Ռոզիկին ու Ղուկաս էֆենտիին վրա, ես ալ վրա տվի, աղջկան ու ընտանիքին գովեստը ընելով… կարծես ով որ ալ ըլլար իմ տեղս, նույն բանը պիտի ըներ… բայց հիմա խնդիրը փոխվեցավ, հիմա ճշմարտությունը հայտնելու ատենը եկավ, ուստի ես ալ կխոսիմ։

− Շնորհակալ եմ, բայց կվախնամ, որ ուշ մնացած չլլանք։

− Եթե վարպետությամբ և շրջահայեցողությամբ գործենք, տակավին ուշ չէ, կրնանք հաջողիլ Լևոն էֆենտիին այս փորձանքեն ազատել… սակայն միայն հոս գործելով չի լմննար, մյուս կողմեն ալ նամակով ազդելու է ձեր զավկին վրա, անոր ալ հասկցնելու է ամեն բան, որպեսզի աչքը բացվի… երթալեն ի վեր նամակ գրեցի՞ր իրեն։

− Շիտակը չգրեցի… ինք պարտավոր էր ինծի գրել, նշանածին ժամանակ կգտնա կոր գրելու, մորը երկու տող բան չգրեր․․․ աս ըրածին շատ ցավեցա ու միտքս դրի, որ մինչև որ ինք չգրե, ես իմ կողմես բան մը չգրեմ։

− Ինծի նայե, տիկին Անթառամ, հիմա ատանկ բաներու համար զավկիդ հետ քեն պահելու ատեն չէ. ընդհակառակը, նայե, որ իր վրա ավելի սեր ու գուրգուրանք ցույց տաս, որպեսզի քենե բոլորովին չփախչի… ես եթե քու տեղդ ըլլամ, անմիջապես կնստիմ, երկար նամակ մը կգրեմ, նախ իր մեկնելուն առթիվ զգացած