Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք արդեն պատրաստված են կորսվելու, լավագույն է, որ գոնե հարուստի մը կողմե հրապուրվին, քան թե անկուտի՝ սրիկայի մը ձեռքով, որ անոր պատիվը պղծելե ետքը, գուցե ուզե զայն ալ ավելի անբարոյականություններու մեջ մղել… ըսածս շիտակ չէ՞…

− Շատ իրավացի է, էֆենտի,− պատասխանեց Միքայել աղա։

− Հարուստ մեկը գոնե խիղճ կունենա աղջիկը երեսի վրա չձգելու… ես հարուստ գիտեմ, որ այսպես աղջիկներ ավրելե ետքը, դրամ տված և ամուսնացուցած են զանոնք։

− Շիտակ է։

− Ու այսպիսի պարագաներու տակ աղջիկ ավրելը ոչ թե մեղք կամ անբարոյականություն է, այլ կրնամ ըսել, որ պարզապես բարերարություն ու առաքինություն է։

− Շատ հիանալի կերպով կխոսիք, ես այդ տեսակ մարդոց ճակատը կհամբուրեմ,- վճռեց Միքայել աղա, իր առջև դրված աղանդերներուն վրա կանոնավոր հարձակում մը գործելով։

− Քեղի բան մը ըսեմ,− շարունակեց վաճառականը,− որ ես միտք ունիմ այդ աղջկան գործ մը գտնել, քանի որ ձեռագործի մեջ վարպետ է եղեր, որովհետև միշտ դրամ տալուն ծայր չի գար, մյուս կողմե ալ այդ խեղճերը երեսի վրա ձգելու չէ, քանի որ պաշտպանությանս տակ առի, պետք է որ իրենց հոգ տանիմ…

− Ան ձեր ազնվությունն է,− ընդմիջեց Միքայել աղա՝ բան մը ըսած ըլլալու համար և օղիի գավաթը ի մի ամպ պարպեց։

− Կառսո՛ն, սա օղին լեցուր,− հրամայեց Ղուկաս էֆենտի, հետո դարձավ իր խոսքին։

− Ես պատվավոր կին մը կճանչնամ, որ այդ տեսակ աղջիկներուն գործ կհայթայթե և շատ ալ աղեկ կվճարե, անոր խոսեցա, մեյ մը աղջիկը տեսնամ ըսավ, արդյոք կարելի չէ՞ սա Շուշանիկը անոր ներկայացնել։

− Ինչու չէ, էֆենտիս, ան ալ արդեն աշխատություն կփնտռե։

− Դուն վրադ կառնե՞ս աղջիկը տանել, ես արդեն պետք եղածը խոսած եմ, միայն թե գուցե առանձին չուզե երթալ․․․

− Ո՞ւր է երթալիք տեղը…

− Վառվառ հանըմ կըսեն, անոր տունը։

Եվ Ղուկաս էֆենտին հաղորդեց տան հասցեն։

Միքայել աղա գիտեր ատ շիլ տունը և Վառվառ հանըմն ալ