Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նոր բարեկամ ըլլանք իրարու,− պատասխանեց Ղուկաս էֆենտի ոտքի ելլելով։

− Ես միշտ բարեկամ եմ ձեզի։

− Վաղը չմոռնաս գալու։

− Անհոգ եղիր, անպատճառ կուգամ։

− Թուղթերն ալ ջանա, որ մինչև երկու շաբաթ անպայման պատրաստ ըլլան։

− Ձեռքես եկածը չեմ խնայեր։

Ղուկաս էֆենտի քահանային ընկերակցությամբ դուրս ելավ սենյակեն։ Սանդուխին գլուխը վերջին անգամ մըն ալ ողջունեցին զիրար խիստ սիրալիր կերպով, հետո Տ. Միքիաս վերադարձավ իր սենյակը, որ թե իբր ննջարան և թե իբր աշխատանոց կծառայեր իրեն։

− Վերջապես հախեն եկա,− մտածեց ինքնիրեն հաղթական ժպիտով մը,− մեկ կողմեն երկու հարյուր ոսկի բրցուցի իրմե, մյուս կողմե պաշտոնաթուղթերը պահանջելե վազ անցուցի զինքը… հիմա իմ ձեռքս է, կրնամ զինքը մեկ քանի ամիս խաղացնել և մինչև այն ատենն ալ աստված ողորմած է, հիմա նստինք ու տիկին Անթառամի նամակին պատասխանը գրենք։

Եվ անցավ իր գրասեղանին առջև։

Քահանան ուրախ տրամադրության մեջ էր, հետևաբար հուսալից նամակ մը գրեց Լևոնի մորը, զայն վստահացնելով, որ պսակի կատարման համար անհրաժեշտ եղող թուղթերը տակավին պիտի կրնար քանի մը ամիս հապաղեցնել։ Սակայն հարկ էր օգուտ քաղել այդ ժամանակամիջոցեն, որովհետև հավիտյան կարելի չէր երկարաձգել խնդիրը և եթե պսակը կատարվեր, ալ ամեն հույս հարկ էր կտրել.

«Ջանա ժամ առաջ պաղություն մը հառաջ բերել Ռոզիկի ու զավակիդ միջև,− կխրատեր Տ. Միքիաս իր թղթակցին,− քանի որ այժմ պ․ Լևոնը սկսած է ավելի հաճախակի այցելել քեզի, ինչ որ ցույց կուտա թե իր վրա ունեցած ազդեցությունը չես կորսնցուցած։ Նույնիսկ այս նպատակին հասնելու համար, եթե պետք ըլլա պզտիկ խաբեբայություններ ալ գործածել, մի վարանիր, քանի որ խնդիրը զավակիդ ու քու երջանկությանդ վրա է։

«Ես հոս ստեպ կերթամ Սմսարյանենց, որոնք միշտ տրամադիր են իրենց տղջիկը տալու, որովհետև հասկցուցի, թե տակավին