Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս առաջարկը շատ բանավոր էր, և Սերգիս անմիջապես ընդունեց, մանավանդ որ այդ սրճարանին առջևեն պիտի անցնեին վաճառականը ու իր կինը։

Կես ժամեն ավելի էր հոն նստած էին ու ակնդետ կդիտեին փողոցեն անցնողները, երբ հանկարծ Սերգիս գոչեց.

− Ահավասիկ թև թևի կերթան կոր, ծառան ալ ետևնուն։

Անմիջապես հաշիվնին մաքրեցին և իրենք ալ դուրս ելան ու հեռվեն հետևեցին վաճառականին ու կնոջը, որոնք արդեն փողոցը դարձած էին։

Հանկարծ ճիչ մը լսվեցավ։

Տիկին Թագուհին էր, որ զամբյուղը նշմարած էր։

Ծառան, որ քանի մը քայլ հեռվեն կհետևեր իր տերերուն, այդ աղաղակը լսելով՝ առաջ անցավ և ուռնակի վրայեն վար առավ զամբյուղը, որուն մեջ մանկիկը կշարունակեր հանդարտիկ քնանալ։

Սերգիս հեռվեն կդիտեր Ղուկաս էֆենտին, որ բորբոքած, բաներ մը կսեր կնոջն ու ծառային։

Վերջապես տան դուռը բացվեցավ և երեքը մեկ ներս մտան, զամբյուղը հետերնին։

Երիտասարդը և գինեպանը բավական ժամանակ սպասեցին, տեսնելու համար, թե դուռը կրկին պիտի բացվե՞ր։

Բայց ոչ, դուռը փակ կմնար:

− Ա՛լ երթանք ու վաղվան սպասենք,− ըսավ Սերգիս իր ընկերակցին և երկուքը մեկեն ուղղվեցան դեպի Թաքսիմ:

Տան դուռը գոցվելե ետքը, Ղուկաս էֆենտի սոսկալի բարկության մեջ ինկավ.

− Սա ի՞նչ խաղքություն է, ո՞վ բերեր կախեր է աս փիճը. հիմա բռնեցեք դուրս նետեցեք,− կգոչեր իր կնոջն ու ծառային, որոնք առանց շարժելու զամբյուղին կնայեին, որու մեջ մանկիկը կշարունակեր հանդարտիկ ննջել:

− Զարմանալի բան,− կշարունակեր պոռալ վաճառականը,− բնավ հանգիստ չի պիտի կրնանք մնալ, ամեն օր մեյ մեկ «պե՞լա» պիտի բանան գլուխնուս… Ծո՛, Հակոբ, չե՞ս լսեր կոր, դուրս նետե սա «զեմպիլը», շուտով առ տար, փողոցին անկյունը տեղ մի դիր, եկուր։

Ծառան վարանոտ մոտեցավ զամբյուղին։

Բայց տիկին Թագուհին միջամտեց.

− Մեղա ,− ըսավ,− շունի ձա՞գ է սա, որ գիշերանց փողոց