Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նետենք, աս օդին, թող հոս մնա, վաղը առտու կանուխ եկեղեցի կղրկենք:

Ղուկաս էֆենտի կգուշակեր, թե այս անհարկի ու խափանարար նվերը ո՞ւրկե կիյնար իր գլխուն, կենթադրեր, որ զամբյուղին մեջ եղողը հավանորեն բուն իսկ իր զավակն էր, Շուշանիկեն ունեցած, ու այս ենթադրությունը ա՛լ ավելի կկատղեցներ զինքը, իր աչքին ավելի ատելի կդարձներ զամբյուղին մեջ հանգչող նորածինը։ Եթե վստահ ըլլար, թե օտարին մանուկն էր ան, թե որևէ արենական կապ չուներ իրեն հետ, հավանորեն նվազ պիտի բարկանար։ Բայց այդ տղան, որ իրավունքով մը կուգար իր տունը, զինքը կկատղեցներ:

- Չըլլար, չեմ ուզեր, որ վայրկյան մը հոս մնա, շու՛տ դուրս նետեցեք,− պոռաց կրկին, դեպի ծառան դառնալով:

− Ծ՛ո, ի՞նչ ավանակի պես երեսս կնայիս, խոսք չե՞ս հասկընար կոր, չառնե՞ս, չտանիս։

Ծառան կրկին մոտեցավ զամբյուղին, բայց նույն րոպեին մանկիկը արթնցած էր և սկսավ բարձրաձայն լալ։

− Աս տղան աս ժամուն փողոց չի ձգվիր,− գոչեց տիկին Թագուհի վճռաբար,− ես այդպիսի անխղճություն չեմ կրնար ընել… Վաղը առտու կբռնենք եկեղեցի կղրկենք ու ամեն բան կլմննա։ Դուն գնա պառկե, ես անիկա կխնամեմ։

Եվ մոտեցավ զամբյուղին՝ տղան հանդարտեցնելու և լացը դադրեցնելու համար։

Վաճառականը չպնդեց և տեղի տվավ իր կնոջը, ավելցնելով.

− Աղեկ, ինչ կուզես ան ըրե, միայն թե վաղը արթննալուս արդեն տղան գացած ըլլալու է հոսկե, ես ատանկ խայտառակությունները չեմ սիրեր… կլսե՞ս կոր։ Ծո՜, Հակոբ, վաղը առտու մութըն ու լուսան տղան կառնես կտանիս, ժամկոչին կուտաս, ես ետքը եկեղեցի կհանդիպեմ, պետք եղածը կկարգադրեմ… նայե որ դուռ ու դրացի չտեսնան տղան դուրս հանելդ… նորեն պարապ տեղը ասոր անոր բերանը բանալ չի տանք։

Եվ վաճառականը սանդուխեն վեր ելավ առանց ետին նայելու։ Տիկին Թագուհի տղան իր ննջասենյակը տանել տվավ Հակոբին, հետո զայն զամբյուղեն հանեց ու հոն առաջին անգամ տեսավ նամակ մը, որ նորածինին վիզեն բարակ թելով մը կախված էր։ Մանկիկը անկողնին մեջը կրկին քնացնելե ետքը, տիկին Թագուհի նամակը բերավ և կարդաց հետևյալը.